Պետական եկամուտներ

1. Եկամտային հարկը և եկամտային հարկ վճարողները

Եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող պետական հարկ է։ Եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք: Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք հարկային տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել են 183 և ավելի օր կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք են համարվում այն ֆիզիկական անձինք, որոնք, վերը նշված կարգավորումներին համապատասխան, չեն հանդիսանում ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

2. Եկամտային հարկով հարկման օբյեկտը և հարկման բազան

Եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում՝

  • ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից  դուրս գտնվող աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերերի և նոտարների ձեռնարկատիրական եկամուտների,
  • ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների:

Եկամտային հարկով հարկման բազա է համարվում՝ հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես համախառն եկամտի և նվազեցվող եկամուտների դրական տարբերություն։

3. Եկամտային հարկի հաշվարկումը և վճարումը

Ֆիզիկական անձը եկամտային հարկը վճարում է.

  • եկամուտը վճարող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի (այսուհետ՝ հարկային գործակալ) միջոցով, որոնք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին օրենքով սահմանված եկամուտներ վճարելիս (հաշվարկելիս)՝ յուրաքանչյուր վճարման (հաշվարկման) դեպքում, կրում են եկամտային հարկը հաշվարկելու, պահելու և բյուջե փոխանցելու պարտավորություն,
  • ինքնուրույնաբար՝ եթե ֆիզիկական անձի ստացած եկամուտները չեն հարկվել  հարկային գործակալների միջոցով:

Оставьте комментарий