Հայկական հարց

Հայկական հարց, Օսմանյան կայսրության տիրապետությունից Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի ինքնորոշման ու սեփական պետականության վերականգնման, հայ ժողովրդի համախմբման և այդ նպատակներին հասնելու համար հայ ժողովրդի մղված ազգային-ազատագրական պայքարի անվանումը դիվանագիտության պատմության մեջ։ Ասպարեզ է իջել որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից հետո։

Բեռլինի կոնգրես

Հայկական վիլայեթները

Բեռլինի կոնգրեսը

Հայկական հարցն Արևելյան հարցին առնչվում էր Օսմանյան կայսրության հետ Ռուսական կայսրությանփոխհարաբերությունների միջոցով։ Արևելյան և Հայկական հարցերը ԺԹ դարի ընթացքում և Ի դարի առաջին տասնամյակներին գտնվում էին միջազգային քաղաքականության կիզակետում։ 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմը ոտքի հանեց հայ ժողովրդին, որը մեծ հույսեր էր կապում ռուսական զենքի հաղթանակի հետ, և ինչը օբյեկտիվորեն համընկնում էր թուրքական լծից հայ ժողովրդի ազատագրության կենսական շահերին։ Պատերազմն ավարտվեց Ռուսաստանի հաղթանակով։ 1878 թ.-ի փետրվարի 19-ին Սան–Ստեֆանո բնակավայրում կնքվեց հաշտության նախնական պայմանագիր, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ վայրերում։ 16-րդ հոդվածի առավելությունն այն էր, որ Ռուսաստանըհանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր, իսկ Արևմտյան Հայաստանի զգալի մասի միացումը Ռուսաստանին հայերին ազգային համախմբության, տնտեսական և մշակութային զարգացման հնարավորություն էր տալիս։ Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված պայմաններում, Ռուսաստանին հակադրվեց անգլո-ավստրիական ուժեղ դաշինքը։ Մեծ Բրիտանիան և Ավստրո-Հունգարիան նախաձեռնեցին հրավիրել միջազգային նոր համաժողով, որի նպատակն էր խոչընդոտել Ռուսաստանին օգտվելու իր հաղթանակի պտուղներից։ Բեռլինի կոնգրեսի (1878 թ.) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա ուղարկվեց հայ ազգային պատվիրակությունը՝ եվրոպական պետությունների կառավարությունների աջակցությունը հայցելու կոնգրեսում հօգուտ հայերի որոշումներ ընդունելիս։

Չստանալով իրական երաշխիքներ՝ հայ ազգային պատվիրակությունը, այնուամենայնիվ մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց նույնիսկ մասնակցել կոնգրեսի նիստերին։ Բեռլինի կոնգրեսում, Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման հետևանքով, արևմտա-եվրոպական դիվանագիտությանը հաջողվեց Ռուսաստանին զրկել հայկական գործերը տնօրինելու մենաշնորհից։ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի համապատասխանաբար 16-րդ և 61-րդ հոդվածներով սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը, ինչպես նաև հասարա-քաղաքական կյանքում եվրոպական դիվանագիտության օգնությամբ թուրքական լուծը թոթափելու, հայերի անկախությունն ու ինքնավարությունը ձեռք բերելու մտայնությունն ու գործելակերպը, որը շարունակվեց մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու նրանից հետո։

Оставьте комментарий